Մարզային Բժիշկների Վերապատրաստման Ծրագիր
   Մեր Մասին

Հայ Օգնության Ֆոնդ
(ՀՕՖ / FAR)

"Հայ Օգնության Ֆոնդի բժշկական շրջանավարտների միություն" հասարակական կազմակերպության նպատակն է բարելավել համայանքային առողջապահական համակարգը և զարգացնել բժշկագիտությունը Հայաստանում: Կազմակերպությունը հիմնադրվելէ 2000թ-ի վերջին "Հայ Օգնության Ֆոնդի" հովանավորությամբ ԱՄՆ-ի խոշոր բժշկական կենտրոններում վերապատրաստում անցած բժիշկների կողմից:

2003թ.-ից "Հայ Օգնության Ֆոնդի բժշկական շրջանավարտների միությունը", շահելով "Բաց Հասարակության Ինստիտուտի" դրամաշնորհը և հանդիսանալով որպես ԲՀԻ գործընկեր, իրականացնում է "Զալցբուրգյան բժշկական սեմինարներ" ծրագրի ղեկավարումը Հայաստանում: Մինչև 2003թ. ծրագիրը ղեկավարվել է "Բաց Հասարակության Ինստիտուտի" կողմից:

Կազմակերպությունը ստեղծեց Զալցբուրգյան բժշկական սեմինարների կազմակերպման նոր արդյունավետ եղանակներ, հիմնեց աշխատանքային ցանց Հայաստանի, արտերկրի բժիշկների և Զալցբուրգ-Քորնելլ բժշկական սեմինարների նախկին մասնակիցների միջև, ինչպես նաև նպաստեց մարզերում աշխատող բժիշկների ընդգրկմանը սեմինարներին:

Հայաստանից 1995-2003թ. Զալցբուրգյան բժշկական սեմինարներին մասնակցել են 117 բժիշկներ:

Սեմինարների ամեն մի մասնակից հնարավորություն ունի ընդգրկվելու Ալբերտո Վիլար Ինթերնշիփ ծրագրին, որն անցկացվում է Ավստրիայի լավագույն բժշկական կենտրոններում և տևում է 3 ամիս: Այս ծրագրին Հայաստանից մասնակցել են 29 բժիշկներ:

1988-ի երկրաշարժին անմիջապես հաջորդած ամիսներին ու հետագա տարիներին Հայ օգնության ֆոնդը զգալի ուշադրություն դարձրեց Հայաստանի առողջապահության համակարգի բարեփոխմանը, մշակեց ու իրականացրեց բժշկական նշանակալի ծրագրեր: Հիշատակենք մի քանիսը. միլիոնավոր դոլարների բժշկական սարքավորումների ներկրում Հայաստան, բժշկական մասնագիտական գրականության տրամադրում Հանրապետական գիտաբժշկական գրադարանին, ԱՄՆ-ի և Կանադայի առաջատար կլինիկաներում 80-ից ավելի հայաստանցի բժիշկների վերապատրաստում, որոնք, վերադառնալով հայրենիք, բազմաթիվ բարեգործական ակցիաներ են կազմակերպել գիշերօթիկ դպրոցներում և մանկատներում, տարբեր բուժհաստատություններում հանդես եկել դասախոսություններով` կազմակերպելով փոքրիկ սեմինարներ:

2000 թվականին, երբ նրանք հիմնեցին "ՀՕՖ-ի բժշկական շրջանավարտների միավորումը", այլևս կազմակերպչական նոր մակարդակի բարձրացավ բժշկական բարեգործությունը Հայաստանի Հանրապետությունում:
Վերջին տարիներին հիշյալ ընկերության ջանքերով ՀՀ-ում կազմակերպվել են բժշկական երեք միջազգային գիտաժողովներ, տասնյակ հեռուստակոնֆերանսներ և բազմաթիվ սեմինար-դասախոսություններ Երևանում և մարզերում: